Ամարաս
Ամարաս գյուղաքաղաքը գտնվում էր Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառում, այժմյան Մարտունի քաղաքից 10կմ դեպի հարավ-արևելք, Խազազի և Լուսավորչի ցածրադիր սարերի միջև ընկած գոգավորությունում։
IVդ. սկգբին Գրիգոր Լուսավորիչն Ամարասում հիմնել է վանք, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ Vդ. վերջին Գրիգորիսի գերեզմանի վրա Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է մատուռ, որն այժմ էլ գոյություն ունի (մայր եկեղեցու ներսում, ավագ խորանի ներքո)։ Ամարասը գավառի ոչ միայն հոգևոր (եպիսկոպոսանիստ), այլև մշակութային ու տնտեսական կարևոր կենտրոնն էր։ Vդ. սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ բացել է Արցախի առաջին դպրոցը։
Արաբական տիրապետության շրջանում վանքը մի քանի անգամ ենթարկվել է ասպատակության` գավառով հանդերձ, և ժողովուրդը IXդ. Առանշահիկ իշխաններ Սահլ Սմբատյանի, ապա Եսայի Աբու-Մուսեի գլխավորությամբ ջախջախել է ասպատակիչներին։
Վանքը ներփակված էր հաստավեմ պարիսպներով և վտանգների դեպքում դառնում էր բերդամրոց, որտեղ պատսպարված ժողովուրդը դիմակայում էր թշնամուն։ Այդ պատճառով Ամարասի վանքը բազմիցս ենթարկվել է ավերածության թուրք-սելջուկների և թաթար-մոնղոլների կողմից, սակայն միշտ էլ արագորեն վերականգնվել ու շենացել է։