Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Տող գյուղի պատմական հուշարձաններ

    Տող գյուղը գտնվում է Արցախի Հադրութի շրջանում: Պատմական աղբյուրներում Տող բերդաքաղաքը հանդես է գալիս արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի ժամանակներից: Խաչքարերը և տապանաքարերը, եկեղեցիները և հին ամրոցները, դղյակները, քարանձավները, արտադրական և կենցաղային բնույթի տարբեր կառույցները, որոնք գտնվում են գյուղում և մոտակայքում, Տողի պատմական մեծ նշանակության վառ ապացույցներն են:
     Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է գյուղի հարավ-արևմտյան մասում, ընդարձակ գերեզմանոցի մոտ: Ժամանակակից եկեղեցու տեղում գոյություն է ունեցել ավելի հին կառույց, ենթադրաբար դա եղել է հեթանոսական տաճար: Եկեղեցու պատերի մեջ տեղադրված են բազմապիսի զարդաքանդակներով զարդարված 51 խաչքար:
     Գերեզմանոցի հյուսիս-արևմտյան մասում, զառիվեր լանջին, գտնվում է Կուսանաց անապատ կոչվող եկեղեցին, որը գրեթե կիսով չափ ծածկված է հողով: Պատերի մոտ նկատելի են վանական խցերի հետքերը: Եկեղեցու միակ արձանագրությունը արված է մուտքի վերևում տեղադրված խաչքարի վրա. «Սուրբ Վարդանի Խաչ»: Հավանաբար, եկեղեցին նույնպես կոչվել է Սուրբ Վարդանի անունով: Ավարայրի ճակատամարտի հերոս` Վարդան զորավարի անունը սրբություն է եղել ժողովրդի համար և Հայաստանի տարբեր շրջաններում նրա պատվին կառուցվում էին եկեղեցիներ, մատուռներ և խաչքարներ:
     Սուրբ Հովհաննես եկեղեցին (XIIIդ.) գտնվում է Տողի կենտրոնում և բավականին լավ է պահպանվել: Եկեղեցին շրջապատված է քարե պարիսպով: Պարսպի հարավ-արևելյան անկյունում գտնվող աշտարակից հիանալի տեսարան է բացվում գյուղի և շրջապատի սարերի ու դաշտերի վրա: Եկեղեցու ներսում, բակում և շրջակայքում պահպանվել են բազմաթիվ տապանաքարեր:
    Դիզակի մելիքների երկհարկ ապարանքը իրենից ներկայացնում է հետաքրքիր ճարտարապետական համալիր: Այն գտնվում է Տողի կենտրոնական մասում և ունի ուղղանկյուն հատակագիծ (38x13,2մ): Առաջին հարկը կառուցվել է XVIIIդ. 20-30-ական թթ., իսկ երկրորդը` XIXդ.:

Կցված տուրեր