Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Բուսական և կենդանական աշխարհ, կլիմա

     Բուսական աշխարհ: Հայաստանն ունի ավելի քան 3500 բուսատեսակ, ընդ որում՝ գոյություն ունեցող բուսատեսակների կեսից ավելին կարելի է գտնել միայն Անդրկովկասում: Այն դեպքում, երբ Եվրոպա մայրացամքն ունի 20000 բուսատեսակ, իսկ ամբողջ Հյուսիսային Ամերիկան ընդգրկում է 40000 բուսատեսակ ընդհանուր ցամաքի 30000 կմ2-ում (գրեթե Բելգիայի չափ), Հայաստանի ֆլորայի նման բազմատեսականացումը և բուսատեսակների սերտ հարևանությունը մեծ զարմանք է առաջացնում:
  Ծիրանը և դեղձը հայկական ծագում ունեն: Դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու բանակը, հմայված հայկական ծիրանի համով, այն տեղափոխել է Հունաստան, որտեղից էլ հետագայում ծիրանը տարածվել է  ողջ Հարավային Եվրոպայում: Այլ մրգերից այստեղ տարածված են խնձորը, տանձը, բալը, սալորը, նուռը և խաղողի տարատեսակների զարմանալի բազմազանությունը: Մինչ խաղողի այգիների մշակումը և բանջարեղենի տարբեր տեսակների բազմատեսականացումը՝ Արարատյան դաշտավայրում սկզբնապես զարգանում էր բամբակի արդյունաբերությունը: 

    Կենդանական աշխարհ: Հայաստանի կենդանական աշխարհը խիստ բազմազան է. այն ներառում է կաթնասունների շուրջ 76, թռչունների ավելի քան 304, սողունների 44, երկկենցաղների 6, ձկնատեսակների 24 և անողնաշարավորների շուրջ 10 հազար տեսակ: Երկրի հյուսիսային մասում բնակվում են սիրիական գորշ արջը, լուսանը, վայրի խոզը, եղնիկը, անտառային կատուները և այլն: Լեռնային տափաստաններում կարելի է գտնել գայլերի, փորսողների, աղվեսների, նապաստակների, մուֆլոնների, բեզոարների լայն տեսականի, իսկ տափաստաններում և կիսաանապատային վայրերում բնակվում են բազմաթիվ կրծողներ՝ կովկասյան ագամա, գետնասկյուռ, խլուրդ, առնետ, ինչպես նաև սողուններ՝ կրիա, գյուրզա, իժ և այլն: Սևանա լճում առկա են բազմաթիվ ձկնատեսակներ՝ իշխան, սիգ և այլն:

   Կլիմա: Հայաստանի Հանրապետության տարածքն աչքի է ընկնում կլիմայական պայմանների և կլիմայական տիպերի բազմազանությամբ, ինչը պայմանավորված է աշխարհագրական դիրքով, քանի որ ՀՀ-ն գտնվում է Հյուսիասային կիսագնդի բարեխառն ջերմային գոտու կազմում և մեծ ազդեցության է ենթարկվում Միջերկրական և Սև ծովերի կողմից:
    Ընդհանրապես ձմեռը բավականին խստաշունչ է, ամառը շոգ, իսկ աշնանն ու գարնանը հաճախ սառնամանիքներ են լինում: Արաքս գետի ստորին հովտում տարեկան տեղումները կազմում են 250 մմ, իսկ վերին հովտում՝ 800 մմ: Բարձրավանդակի հրաբխային ծագման հողը բավականին բերրի է՝ չնայած հայկական խիստ, ցրտաշունչ ձմեռների առկայությանը: Հայաստանի Հանրապետության տարեկան միջին տեղումները կազմում են 550 մմ՝ ներառյալ նաև տեղումներն Արարատյան դաշտավայրում, որն ըստ էության, ՀՀ-ի ամենաչոր տարածաշրջանն է (200-250 մմ տարեկան տեղումներով): Այստեղ կլիման փոփոխության է ենթարկվում՝ ելնելով աշխարհագրական դիրքից: Օրինակ՝ երբ Արարատյան դաշտավայրում տաք և արևոտ է, Սևանում՝ ընդամենը 60 կմ հեռավորության վրա, կարող է լինել ցուրտ և սառը, իսկ Արագածի վերին շրջաններում կարող են դիտվել նույնիսկ ձյան տեղումներ: Հուլիսին ջերմաստիճանը Արարատյան դաշտավայրում հասնում է 25-30°C, իսկ միջլեռնային գոտիներում՝ 18-20°C: Երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը 42°C: Սովորաբար Արարատյան դաշտի հունվարյան ջերմաստիճանը նվազում է մինչև 5-7°C, իսկ նվազագույն ջերմաստիճանը՝ -30°C, միևնույն ժամանակ միջլեռնային շրջաններում միջին ջերմաստիճանը կազմում է  -8  -12°C: