Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Համերգասրահներ

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

Գտնվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։ Կառույցի գլխավոր մուտքի դիմաց տեղադրված է Արամ Խաչատրյանի արձանը, (ճարտարապետ` Յու. Պետրոսյան), որը տեղադրվել է 1999թ.` Ա. Խաչատրյանի ծննդյան օրը (հունիսի 6)։ Դահլիճի ներքին հարդարանքը ներառում է հայկական զարդանախշերի խորաքանդակներ։
Սրահը նախկինում կոչվել է «Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ», իսկ 2003թ. անվանակոչվել Արամ Խաչատրյանի անվամբ։
Նախատեսված է 1272 հանդիսատեսի համար։

Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճ

Համերգասրահը պաշտոնապես անվանակոչվել է Առնո Բաբաջանյանի անունով 2005թ. դեկտեմբերի 25-ին: Գտնվում է Մշակույթի տան, ներկայիս Թանգարանների շենքի (Հանրապետության հրապարակ) առաջին հարկում։ Մուտքը` Աբովյան փողոցից։ Շենքը կառուցվել է 1916թ.` ճարտարապետ Վ. Սիմոնսոնի նախագծով։ Համերգասրահը նախատեսված է 300 հանդիսատեսի համար, այդ պատճառով էլ մինչև անվանափոխությունը կոչվել է «Հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ» անվանումը։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Կամերային երաժշտության տունը տեղակայված է Օղակաձև զբոսայգում` ճարտարապետ Ստ. Քյուրքչյանի` 1977թ. կառուցած շենքում։ Կամերային տունն առանձնահատուկ շինություն է: Կառուցված է «ազատ հատակագծի» սկզբունքով. հանդիսասրահը, բեմը, ճեմասրահը, նախասրահն առանց սահմանների են` ստեղծելով ներքին ամբողջականության միջավայր։
Այստեղ տեղի են ունեցել հայկական և միջազգային համերգներ, փառատոններ։ Շենքի գեղարվեստական լուծումը համահունչ է զբոսայգու պուրակային ճարտարապետությանը։

Դվին Մյուզիք Հոլ

Դվին մյուզիք հոլը, որը հանդիսանում է Երևանի ամենահիասքանչ վայրերից մեկը գործնական, կորպորատիվ և տոնական միջոցառումների կազմակերպման համար, կարող է հյուրընկալել  մեծ թվով հյուրերի՝  առաջարկելով ոչ միայն սրահը, այլև բոլոր հարակից ծառայությունները` տարբեր միջոցառումների պլանավորման, գործնական հավաքույթների, կորպորատիվ երեկույթների, տոնակատարությունների, գիտաժողովների կազմակերպման համար:
«Դվին» մյուզիք հոլը  նաև առաջարկում է` ձևավորման, տրանսպորտային, նկարահանման, տորթի ձևավորման և պատրաստման ծառայություններ, ինչպես նաև տարածաշրջանում ամենամեծ 3D պրոյեկտորի ծառայությունը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանդիսանում է Հայաստանում գործող ամենամեծ մարզահամերգային համալիրը: Այն գտնվում է Ծիծեռնակաբերդ բլրի վրա, Հրազդան գետի մոտակայքում և ներառում է երկու մեծ համերգասրահներ:
Համալիրը անվանվել է հայ հայտնի քաղաքական գործիչ և ազգային հերոսի անունով: Այն յուրահատուկ ճարտարապետական ձևավորում ունեցող շինություն է, որն ունի բացված թևերով, մեծ թռչնի տեսք: Շենքի դիմաց կան բազմաթիվ աստիճաններ `գեղեցիկ հարթակներով: