Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Քրիստոնեություն

     Քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել I դարում՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի քարոզչությամբ, որոնք Հայ առաքելական եկեղեցու կողմից հետագայում հռչակվեցին Հայոց առաջին լուսավորիչներ։ Այս ժամանակաշրջանում Հայաստանում լայնորեն տարածված էր հեթանոսությունը, որի վառ ջատագովներն էին նաև հայ թագավորները։ Այս ժամանակաշրջանը բնութագրվում է հունական ոճի բազմաթիվ տաճարների առկայությամբ, որոնց վառ օրինակ է հունական ոճի տաճարը Գառնի գյուղում, որը 1960-ականներին վերականգնվել է և մինչ այժմ կանգուն է։

 

Հայ պատմագրության համաձայն, երբ Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական աստվածուհու մեհյանին։ Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել։ Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր՝ Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը՝ Խոր Վիրապ։

 

Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը սերտորեն կապում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արևելք, երկրպագում Փրկչին և հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ։ Տրդատը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Կույսերի և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը այնքան հզոր ցնցումներ է պատճառում Տրդատին, որ հոգեկան ծանր հիվանդություն է ստանում։

 

Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քրիստոնեություն քարոզում ու բժշկում Տրդատ թագավորին։ Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն։

 

Հայ Եկեղեցու առաջին հայրապետը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը հանձն է առնում Մայր Տաճարի կառուցումը։ Գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք է ունենում. Աստծու Միածին Որդին իջնում է երկնքից և ոսկե մուրճով հարվածում գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվի Էջմիածնի Սուրբ Տաճարը։ Ս. Գրիգոր Լուսավորիչն ու Ս. Տրդատ թագավորի ընտանիքը ժողովրդին առաջնորդում են Միածնի իջման վայրը և կառուցում Մայր Տաճարը։

 

Ներկայումս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է։ Կաթողիկոսական նստավայրը Սուրբ Էջմիածինն է։ Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը, որը հայտնի է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության։ Մյուս երեք աթոռների նկատմամբ այն նախամեծար է ու նախաթոռ։

 

Հայաստանում գոյություն ունեն նաև փոքր կաթոլիկ և բողոքական համայնքներ, այդ թվում՝ ռուսական ուղղափառ համայնք։