Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Երաժշտություն և պար

     Հայկական երգ-երաժշտությունը դարավոր պատմություն ունի: Այն իր մեջ ներառում է այնպիսի յուրահատուկ ուղղություններ, ինչպիսիք են գուսանական երաժշտությունը, շարականները, տաղերը,  աշուղական երաժշտությունը, ինչպես նաև ժողովրդական և դասական երաժշտությունը:
       Գուսանները և աշուղները ժողովրդական երգիչներ են, ովքեր մեծ դեր են խաղացել հայկական երաժշտության պատմության մեջ՝ փոխանցելով իրենց արվեստը մի սերնդից մյուսը:  XVII-XVIII դարերի հայ ականավոր աշուղներից են Նաղաշ Հովնաթանը, Բաղդասար Դպիրը և Սայաթ-Նովան:
       1880-ական թվականներից պրոֆեսիոնալ կոմպոզիտորները սկսում են հավաքել և մշակել հին հայկական ժողովրդական երգերը։ Այդ կոմպոզիտորների թվում էին Մակար Եկմալյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան և Նիկողայոս Տիգրանյանը։ Այդ ժամանակաշրջանում իր գործունեությունն է սկսել հայկական երաժշտության պատմության ամենանշանավոր գործիչներից մեկը՝ Կոմիտասը, ով առանցքային դեր ունի ազգային երաժշտաոճի վերածնման գործում: Նա ստեղծել է երաժշտական նշագրման հայկական նոր ձև՝ «խազեր» անվանմամբ, հավաքել է ավելի քան 4000 գեղջկական երգեր, հեղինակել է կրոնական և ազգային բազմաթիվ երգեր, մինչ վերջնականապես խելագարվելը՝ 1915 թվականի Օսմանյան կայսրության կողմից ձեռնարկված Ցեղասպանության պատճառով:
     19-րդ դարը բեկումնային էր հայկական երաժշտության զարգացման բնագավառում: 1868թ. Տիգրան Չուխաճյանի կողմից ստեղծվեց առաջին հայկական օպերան՝ «Արշակ II»-ը, իսկ 1912թ. Արմեն Տիգրանյանի կողմից «Անուշ» օպերայի բեմադրմամբ զարգացավ նոր ոճային ուղղություն հայկական երաժշտական թատրոնում։ «Անուշ» օպերայի համար հիմք է հանդիսացել Հովհաննես Թումանյանի համանուն պոեմը՝ ուղեկցվելով հայկական երաժշտության մեղեդիներով:
        Արամ Խաչատրյանը 20-րդ դարի ականավոր կոմպոզիտորներից է, ում հռչակը տարածված է ամբողջ աշխարհում՝ շնորհիվ  «Գայանե» (հատկապես «Սուսերով պար» ստեղծագործությունը) և «Սպարտակ» բալետների: Արվեստագետ Ջիվան Գասպարյանը տարածեց հայկական դուդուկի յուրահատուկ ձայնը աշխարհով մեկ՝ այն հասանելի դարձնելով յուրաքանչյուր ունկդրի համար: Հայկական երաժշտական գործիքներից հայտնի են նաև զուռնան, դհոլը և քանոնը:
     Հայկական պարը առավել ներկույացուցչական է, երբ ուղեկցվում է ավանդական կամ ժամանակակից հայ երաժշտությամբ: Նրբագեղ, սակայն երբեմն խելահեղ, հայկական պարերի բեմադրությունները առանձնացնում են այն արևելյան պարային ձևերից՝ հայկական պարային համույթներին հնարավորություն ընձեռելով միջազգային փառատոնների և մրցույթների ժամանակ անհամար մրցանակներ ստանալ: