Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Թատրոններ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1921թ., պաշտոնապես բացվել 1922թ.: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն է: Առաջին ներկայացումը «Պեպո» կատակերգությունն է եղել, ռեժիսոր` Լևոն Քալանթար: Նախապես կոչվել է Առաջին պետական թատրոն: 1937թ. կոչվել է դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունով, 1967թ.` արժանացել ակադեմիական թատրոնի կոչման:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն

Համազգային թատրոնը հիմնադրվել է 1992թ.: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը նախկին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն է: Առաջին ներկայացումը Էդուարդո դը Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետն» էր, ռեժիսոր` Սոս Սարգսյան: Այժմ թատերախմբի կազմում 23 դերասաններ կան (Մխիթար Ավետիսյան, Վարշամ Գևորգյան, Տաթև Ղազարյան, Ալլա Սահակյան և ուրիշներ):

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հրաչյա Ղափլանյանի կողմից:

Թատրոնում բեմադրվել են հարյուրից ավելի ներկայացումներ` հայ և համաշխարհային դրամատուրգիայից:

1986 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն Սամվելի Խանդիկյանը:

Դրամատիկականը հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Բուլղարիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և արժանացել բազմաթիվ մրցանակների ու պարգևների:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

1942թ. ՀՀ ժողովրդական արտիստներ Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Արտեմի Այվազյանը, Թադևոս Սարյանը, Հայկ և Իզաբել Դանզասները, Էդուարդ Համբարձումյանը, Վարդուհի Շահսուվարյանը, Արամ Սամվելյանը հիմնադրեցին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը: Առաջին տնօրենը Զավեն Վարդանյանն էր, իսկ անդրանիկ ներկայացումը Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետն էր:
Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն է, տնօրենը` Կարո Շահբազյանը: Թատերախմբի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Մարիամ Ղազարյանը, Բորիս Պեպանյանը, Քաջազուն Գյուրջյանը, Նորայր Գևորգյանը, Զավեն Աբրահամյանը և ուրիշներ: Թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել 6 մրցանակի:

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

Հիմնադրվել է 1936թ.: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն է: Թատերախմբի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստներ Լեյլի Խաչատրյանը, Իրինա Մարչենկոն, ՀՀ վաստակավոր արտիստներ Սերգեյ Մաղալյանը, Ռոբերտ Հակոբյանը, Ֆրեդ Դավթյանը և ուրիշներ: Այս թատրոնում է բեմական գործունեությունը սկսել նախկին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: 1969 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ալեքսանդր Գրիգորյանը, տնօրենն է Ֆրեդ Դավթյանը: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բրեստում, Սարանսկում և բազմաթիվ այլ քաղաքներում թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և արժանացել առաջին մրցանակների: 2009թ. Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում թատրոնը նվաճել է առաջին մրցանակը:

Երևանի Կամերային պետական թատրոն

Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1982թ.: Մինչ այդ` 1981թ.: Հիմնադիրն ու ներկայիս գեղարվեստական ղեկավարը Արա Երնջակյանն է: 1985թ. Կամերային թատրոնը ԽՍՀՄ այլ 6 թատրոնների հետ Մոսկվայի երիտասարդների և ուսանողների 12-րդ համաշխարհային փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման: Թատրոնի թատերախմբի կազմում են Գեորգի Ամիրագովը, Արշալույս Հարությունյանը, Քեթրին Մանասյանը, Աստղիկ Արծրունին, Լուիզա Ներսիսյանը, Մանուկ Հախվերդյանը և ուրիշներ:

 

Խամաճիկների պետական թատրոն

Խամաճիկների պետական թատրոնը հիմնադրվել է 1987թ.: Այն երրորդն էր նախկին ԽՍՀՄ տարածքում (Լենինգրադի` այժմյան Ս. Պետերբուրգի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո) և առաջինը, որը ներկայացումներ էր տալիս թե' մեծահասակ, թե' մանկահասակ հանդիսատեսի համար: Ի տարբերություն տիկնիկային սովորական թատրոնների` այս թատրոնը գործում է իսկական փոքրիկ բեմում. տիկնիկները ղեկավարվում են վերևից` թելերով: Առաջին ներկայացումը «Երեք խոզուկներն» էր: Այժմ թատրոնի խաղացանկում կա 18 ներկայացում: Թատրոնի տնօրենն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, գլխավոր ռեժիսորը` ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը:

Պատանի հանդիսատեսի թատրոն

Պատանի հանդիսատեսի թատրոնը բացվել է 1929թ. նոյեմբերի 29-ին` Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ: Թատերական արվեստին քաջատեղյակ Տ. Շամիրխանյանի ջանքերով արմատավորվել են նոր թատրոնի լավագույն ավանդույթները:

Թատերախմբում ընդգրկված են Արմեն Սանթրոսյանը, Արայիկ Մաթևոսյանը, Ռազմիկ Ամիրգուլյանը, Անահիտ Ղուկասյանը, Իշխան Ղարիբյանը: 

1997թ.-ից Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հակոբ Ղազանչյանն է: Նրա օրոք թատրոնը նորանոր հաջողություններ է գրանցել՝ հրավիրվելով բազմաթիվ երկրներ, մասնակցելով մի շարք փառատոների:

Հ. Մալյանի անվան կինոդերասանների թատրոն-ստուդիա

Հիմնադրվել է 1980թ.: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Հենրիկ Մալյանն է: Առաջինը բեմականացվել է «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները», որի ռեժիսորը Հենրիկ Մալյանն էր: Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը նրա դուստրն է` Նարինե Մալյանը: Թատերախմբի կազմում են Աշոտ Եդիգարյանը, Վարդուհի Ռուշանյանը, Արա Սարգսյանը, Լևոն Ղազարյանը, Լևոն Մելոյանը, Գևորգ Հովակիմյանը և ուրիշներ: Թատրոնը մասնակցել է միջազգային փառատոների, արժանացել է 8 ոսկե մեդալի և 5 «Արտավազդ» մրցանակի:

 

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ-ին:
Հիմնադիրներն են բեմադրիչ Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնն իր ստեղծագործական ուղին սկսել է «Չարաճճի Պետիկը» և «Շունն ու կատուն» բեմադրություններով:

Թատրոնը շարունակում է աշխույժ ստեղծագործական կյանքը՝ դռները բաց պահելով մանուկ և մեծահասակ հանդիսատեսի համարԹատրոնում այժմ գործում է Պավլոս Բորոյանի անունը կրող տիկնիկային արվեստների թանգարան, որտեղ ներկայացված է մոտ 200 ցուցանմուշ:

Երիտասարդական փորձարարական թատրոն

Երիտասարդական փորձարարական թատրոնը հիմնադրվել է 1978թ.: Հիմնադիրը Հրաչյա Ղազարյանն է: Թատրոնի ներկայիս ղեկավարն է Էդիկ Հակոբյանը: Թատերախմբի անդամներն են Կարինե Սարգսյանը, Մարինե Գրիգորյանը, Գոռ Գինոսյանը և ուրիշներ:

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը հիմնադրվել է 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով: Նախապես այն կոչվել է Վարդան Աճեմյանի անվան արտիստական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ էմաբլ Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը, ինչը և դարձել է նրա «կարապի երգը»։ Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով՝ Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։

Թատերախմբի կազմում են ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, դերասաններ Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարինե Սաֆարյանը, Նանոր Պետրոսյանը, Քնարիկ Զաքարյանը, Լիանա Ադամյանը և ուրիշներ:

«Էդգար Էլբակյան» թատրոն

«Էդգար Էլբակյան» թատրոնը հիմնադրվել է 1994թ.` ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի կողմից: Առաջին ներկայացումը հայ դասական Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյանն» էր, որի առաջնախաղը կայացավ 1994թ. հունիսին` գրողների միության դահլիճում: Թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների: 2004թ. «Վերջին վալսը» ներկայացումը (ըստ Դյուրենմաթի «Խաղում ենք Սթրինդբերգ» պիեսի) հրավիրվեց Դամասկոսում կայանալիք թատերական 12-րդ փառատոնին, որտեղ ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանն Էդգարի դերակատարման համար արժանացավ հատուկ մրցանակի: 2005թ. Աննա Էլբակյանն ու Վլադիմիր Մսրյանը պարգևատրվեցին «Արտավազդ» մրցանակով` որպես տարվա լավագույն դերակատարներ: 2008թ. Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումը հաջողության հասավ. Աննա և Արմեն Էլբակյաններն արժանացան «Արտավազդ» մրցանակի` որպես տարվա լավագույն դերակատարներ: 2008թ. նույն ներկայացման համար Արմեն Էլբակյանին շնորհվեց Հունգարիայի միջազգային թատերական փառատոնի «ԱրկուսՖեստ» մրցանակը` «լավագույն դերակատար» անվանակարգում: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Լիլի Էլբակյանը, տնօրենը` Ռուբեն Աբրահամյանը: