«Էդգար Էլբակյան» թատրոն
«Էդգար Էլբակյան» թատրոնը հիմնադրվել է 1994թ.` ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի կողմից: Առաջին ներկայացումը հայ դասական Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյանն» էր, որի առաջնախաղը կայացավ 1994թ. հունիսին` գրողների միության դահլիճում:
Թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների: 2004թ. «Վերջին վալսը» ներկայացումը հրավիրվեց Դամասկոսում կայանալիք թատերական 12-րդ փառատոնին, որտեղ ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանն Էդգարի դերակատարման համար արժանացավ հատուկ մրցանակի: 2005թ. Աննա Էլբակյանն ու Վլադիմիր Մսրյանը պարգևատրվեցին «Արտավազդ» մրցանակով` որպես տարվա լավագույն դերակատարներ: 2008թ. Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումը հաջողության հասավ. Աննա և Արմեն Էլբակյաններն արժանացան «Արտավազդ» մրցանակի` որպես տարվա լավագույն դերակատարներ: 2008թ. նույն ներկայացման համար Արմեն Էլբակյանին շնորհվեց Հունգարիայի միջազգային թատերական փառատոնի «ԱրկուսՖեստ» մրցանակը` «լավագույն դերակատար» անվանակարգում: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Լիլի Էլբակյանը, տնօրենը` Ռուբեն Աբրահամյանը:

