Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Պատմություն

          Հայաստանը փոքր երկիր է, որը Եվրոպան կապում է Ասիայի հետ: Այն ավելի քան 2000 տարի առաջ եղել է Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ տերություններից մեկը, իսկ այժմ Հայաստանը ժամանակակից երկիր է` հին պատմությամբ, պատմական բազմաթիվ հուշարձաններով, հարուստ մշակույթով, ավանդական հյուրընկալությամբ, բարի և տաղանդավոր մարդկանցով, համեղ ու առողջ սննդամթերքով, գեղատեսիլ բնությամբ և անվտանգ միջավայրով:
   Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից են, որոնց քաղաքակրթությունը առաջացել է ավելի քան 5000 տարի առաջ։ Երկրի առաջին հայկական անունը Հայկ է, հետագայում՝ Հայաստան՝ թարգմանվելով որպես Հայկի երկիր, ով նույնականացվում էր արևի աստված Օրիոնի հետ։ Հայաստանը շրջապատված է լեռնաշղթաներով, որոնց կազմի մեջ է մտնում նաև բիբլիական Արարատ լեռը, որտեղ՝ համաձայն ավանդույթի, Մեծ Ջրհեղեղից հետո հանգրվանել է Նոյան Տապանը։
      Հայերը իրենց անվանում են հայ, իսկ երկիրը` Հայաստան: Մ.թ.ա. առաջին հազարամյակի ասորական սեպագրերը տեղեկություններ են հաղորդում ուրարտացիների ու ուրարտական հզոր պետության մասին, որն ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքը: Հենց այս ժամանակաշրջանին է թվագրվում Էրեբունի ամրոցի կառուցումը (հիմնադրվել է մ.թ.ա. 782թ. Արգիշտի 1-ի կողմից): Այն գտնվում է ժամանակակից Երևանի տարածքում, որի անունը ծագում է հենց էրեբունու անունից:
   Ուրարտուից հետո կազմավորվեց Երվանդունիների hայկական թագավորությունը: Այն ձգտում էր ազատվել Պարսկաստանում տիրող Աքեմենյանների գերիշխանությունից։ Դա հաջողվեց մ.թ.ա. 4-րդ դարում, երբ Ալեքսանդր Մակեդոնացին մի շարք պետությունների շարքում գրավեց նաև Պարսկաստանը, իսկ Հայաստանը դարձավ հելլենական աշխարհի մի մասը։ Այնուհետև Հայաստանն իր անկախության համար պայքարում էր Մակեդոնացու կայսրության քայքայման հետևանքով կազմավորված Սելևկյան պետության դեմ, սակայն մ.թ.ա. 201թ. Սելևկյաններին հաջողվեց տիրել Հայաստանին։ Մ.թ.ա. 189թ. հռոմեացիները գրավեցին Սելևկյան միապետությունը, և Մեծ Հայքը լիովին ազատվեց նրանց տիրապետությունից: Այդ ժամանակ Արտաշես I-ը իրեն հռչակեց Մեծ Հայքի անկախ թագավոր և իր թագավորությունը միացրեց Փոքր Հայքին։
         Հայաստանն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի օրոք` մ.թ.ա. 1-ին դարում: Տիգրան Մեծի հսկայական թագավորությունը զբաղեցնում էր Առաջավոր Ասիայի հիմնական մասը: Այն ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Քուռ գետից մինչև Միջագետք: Նոր դարաշրջանի առաջին դարերն անցնում էին Հռոմի և հզորացող Պարթևստանի թագավորության միջև տեղի ունեցող պատերազմներով, իսկ բախումների թատերաբեմը Հայաստանն էր, որը 4-րդ դարում բաժանվեց 2 մասի` Արևելյան և Արևմտյան:
         Դրանից ավելի վաղ` 301թ., Հայաստանում քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Հայաստանը դարձավ աշխարհում առաջին քրիստոնյա երկիրը: Մեկ դար անց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ մեկ ուրիշ կարևոր իրադարձություն. 405թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որը հետագայում պաշտպանեց հայերին օտար ազգերի հետ միաձուլումից:
        Բագրատունիների նախարարական տունը 8-րդ դարում իր իշխանության տակ վերցրեց Հայաստանի զգալի մասը, իսկ 885թ. Աշոտ Բագրատունին ճանաչվեց Հայաստանի թագավոր, որի թագավորությունն ընդունվեց ինչպես խալիֆայության, այնպես էլ բյուզանդական կայսրի կողմից: Բագրատունիների թագավորությունն իր զարգացման գագաթնակետին հասավ 10-11-րդ դարերում: 11-րդ դարում Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափերին մի քանի հայկական իշխանություների ուժերով ստեղծվեց Կիլիկիայի հայկական իշխանությունը, իսկ 12-րդ դարում հռչակվեց Կիլիկիայի անկախ հայկական թագավորությունը, որի թագավոր կարգվեց Լևոն II Ռուբինյանը: Կիլիկյան թագավորությունը մոտ երեք հարյուր տարի (մինչև 14-րդ դար) պահպանեց հայկական պետականությունը և հայկական մշակույթի ավանդույթները: Կիլիկյան թագավորությունը կործանվեց 14-րդ դարում` եգիպտական մամլուքների կողմից:   1828թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Արևելյան Հայաստանը Էրիվան ամրոցով հանդերձ միացվեց Ռուսաստանին: Իսկ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի հայերը մնացին մշտական ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ: Հակահայկական թուրքական քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 1915-1916 թվականներին թուրքական կառավարությունը հայերի նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն, որի ժամանակ զոհ գնացին 1.5 միլիոնից ավելի հայեր: Պատմական Հայաստանի մեծ մասը զրկվեց իր բնիկ բնակչությունից: 1918թ. մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց հայկական անկախ պետությունը, որը գոյատևեց 2.5 տարի: Հայաստանի Առաջին Հանրապետությունը, չկարողանալով դիմակայել թուրքական բանակի հարձակումներին և բոլշևիկյան Ռուսաստանի զավթողական ձգտումներին, 1920 թվականին իշխանությունը հանձնեց բոլշեվիկներին:
     Խորհրդային Հայաստանը հետագայում մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ: 1988թ.-ին Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկսվեց ժողովրդավարական առաջին և ամենախոշոր շարժումը, որի հիմնական նպատակը Ղարաբաղի վերամիավորումն էր Հայաստանի հետ: Շարժումը մեծ նշանակություն ունեցավ ժողովրդավարական վերափոխումների իրականացման համար, որը հանգեցրեց Հայաստանի անկախության վերականգնմանը և Լեռնային Ղարաբաղի փաստացի ինքնորոշմանը:
    1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն, իսկ նույն տարվա վերջին Հայաստանը մտավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կազմի մեջ: 1992թ.-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ-ի անդամ:

img
img
img
img
img
img