Ճարտարապետությունը հայկական ժառանգության ամենաառատացված մասերից մեկն է, որը ունի մեծ ներդրում միջազգային ճարտարապետության մեջ։ Ճարտարապետական նախագծման ավանդույթը հնագույն ծագում ունի և սկիզբ է առել Հայկական լեռնաշխարհում։ Ուրարտական ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 9-6 դարերում, զարգացել և կատարելագործվել է ճարտարապետությունը։ Ուրարտացիները հիշատակվում են իրենց բարձր չափանիշներին համապատասխանող քաղաքների (Արգիշթի, Տուշպա, Էրեբունի), արքունի համալիրների կառուցման և ներքին հարդարման համար։
Նախաքրիստոնեական Հայաստանում քաղաքային ճարտարապետության ավանդույթներն ու արվեստի այլ ձևերը զարգացել են հնագույն հելլենիստական և հռոմեական արվեստի ազդեցության ներքո (Գառնու տաճարը Հայաստանում գոյություն ունեցող միակ հեթանոսական կոթողն է)։ Քրիստոնեության՝ որպես պետական կրոն ընդունումից հետո Հայաստանը անցել է ճարտարապետական զարգացման նոր փուլ։
Քրիստոնեության ընդունման վաղ շրջանում (5-7-րդ դարերում) Հայաստանում սկսվել է եկեղեցական ճարտարապետության զարգացումը՝ տարբեր բազիլիկային գմբեթներով տների կառուցմամբ։ Հայ ճարտարապետությունը ստեղծել է իր ուրույն ազգային ոճը՝ տաճարների կառուցման մեջ՝ ինչպես օրինակ՝ Էջմիածին, Հռիփսիմե, Զվարթնոց, Գեղարդ։ 9-14-րդ դարերում ստեղծվել են արվեստի նոր գլուխգործոցներ՝ Ամբերդը, Տաթևը, Աղթամարը, Մարմարաշենը, Սանահինը, Հաղպատը, Հաղարծինը, Գոշավանքը, Օհանավանքը, Հառիճավանքը և Նորավանքը։
Միջնադարում հայ ճարտարապետության դրսևորման եզակի ձևերն էին համարվում խաչքարերը, որոնք լայնորեն օգտագործվել են Հայաստանում։ Այստեղ հայտնաբերվել են նախապատմական մոնոլիտներ, որոնք ծիսական նշանակություն են ունեցել հեթանոսական կրոնի համար։ Քրիստոնեության տեսանկյունից խաչի նշանակությունը կարևորելու նպատակով՝ բազմաթիվ փայտե խաչեր են կառուցվել Հայաստանի տարբեր սրբավայրերում։ Փայտե խաչերը խաչքարերով փոխարինելու առաջին փորձերը իրականացվել են 4-7-րդ դարերում։
Սկսած Հայաստանի խորհրդայնացումից՝ 1920 թ.-ից, երկրում գերիշխել են ճարտարապետության երկու հիմնական ուղղություններ՝ ազգային և դասական։ Այսօր յուրաքանչյուր ոք հեշտությամբ կարող է տեսնել այս երկու ուղղությունների տարբերությունները՝ ազգայինը՝ Հանրապետության Հրապարակի Կառավարության շենքերը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Մատենադարանը, Հայոց մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողը, իսկ դասականը՝ Մարզահամերգային համալիրը, Զվարթնոց օդանավակայանը և այլ կառույցներ։



