Երվանդ Քոչարի թանգարան
Երվանդ Քոչարի թանգարանը բացվել է 1984թ.` մաեստրոյի արվեստանոցի տեղում: Թանգարանն ամբողջական պատկերացում է տալիս արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկական, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, կոթողային քանդակների մանրակերտներ, տեսաֆիլմեր: Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում և Երվանդ Քոչարի թանգարանի սրահներում պահպանվում են ժամանակակից արվեստի նվաճում համարվող Քոչարի տարածական նկարները: Ներկայացված են նաև Քոչարի` ավանգարդի մեծերի հետ առնչությունների մասին պատմող հազվագյուտ փաստաթղթեր ու վավերագրեր: Ե. Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու տարածման կարևորագույն կենտրոն է: Հայ արվեստագետը ցուցադրվել է խոշորագույն վարպետների՝ Պիկասոյի, Բրակի, Արպի, Բրանկուզիի, Լեժեի, դը Կիրիկոյի և մյուսների կողքին: Նրանց, ինչպես նաև Դյուշանի, Միրոյի, Կանդիսկու, Մոհոլի-Նագիի, Դելոնեի հետ 1936թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր:

