Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Թանգարանը գտնվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր խոյացող ցեղասպանության հուշահամալիրից ոչ հեռու: Այն երկհարկանի կառույց է: Երկրորդ հարկում գտնվում է ցուցասրահը, իսկ առաջին հարկում` գրադարանը, փաստաթղթերի պահոցը, հանդիպումների դահլիճը և հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող գիտահետազոտական կենտրոնը: Թանգարանի գլխավոր և հիմնական նպատակն է հավաքագրել, հետազոտել, հրատարակել, պահպանել և հանրությանը ներկայացնել փաստեր` 1915-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այստեղ կարելի է տեսնել ցեղասպանության անհերքելի ու միաժամանակ սահմռկեցուցիչ փաստերը: Մշտական ցուցադրության նմուշների թվում են փաստաթղթեր, լուսանկարներ, նահատակների անձնական իրեր: Թանգարանն ապահովում է էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով:

