Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Ախթալա

     Ախթալան 10-րդ դ. վերջին կառուցել են Կյուրիկյան Բագրատունիները, ովքեր սերում էին Գուրգենից (Կյուրիկե` Գուգարքի բարբառով)։ Կյուրիկեն Ախթալայից ոչ հեռու գտնվող Սանահինի և Հաղպատի վանքերի հիմնադիրներ Աշոտ Գ Ողորմած արքայի և Խոսրովանույշ թագուհու որդին էր։

    Ախթալայի ամրոցը կանգնեցվել է բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա` բնական պատնեշներ հանդիսացող ժայռապատ խոր ձորերով եզերված։ Որոշ չափով բաց տարածքները պաշտպանված են աշտարակներով ու պարիսպներով։ Ամրոցի միակ մուտքը հյուսից է` պաշտպանված շրջանաձև հատակագծով եռահարկ կոնաձև աշտարակով ու պարիսպներով։ Շինանյութը կապտավուն բազալտն է` կրաշաղախով։

  13-րդ դ. եռահարկ աշտարակը բարձրանում է գլխավոր մուտքի` թաղածածկ եռակամար սրահի արևելքից։ Աշտարակավոր պարսպապատերը պաշտպանում էին ամրոցի ներսում գտնվող վանքի հյուսիսային մուտքը։ Վանքի գլխավոր եկեղեցին Սբ. Աստվածածինն է, եկեղեցուն կից սրահը և փոքրիկ եկեղեցին, որտեղ ըստ պատմիչներ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու` թաղված են իշխան Իվանե Զաքարյանը և նրա որդին` Ավագը։

     Ախթալան Հայաստանի որմնանկարչության զարգացման շրջանի անխաթար մնացած վառ օրինակներից է։ Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր` սեպտեմբերի 20-21-ը, երբ վանք են այցելում հայեր, հույներ ու վրացիներ։