Հաղարծին վանքային համալիր
Հաղարծին վանքային համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (այժմյան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։
Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնը հիշատակվում է XIIIդ. առաջատար մշակութային օջախների շարքում (Կոստանդին Դ Բարձրբերդցի, Ստեփանոս Օրբելյան)։ Հաղարծինը սկսել է ծաղկել XIIIդ. 30-ական թվականներից` Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Մինչ այդ, վանքը երկար ժամանակ ամայացած էր։
Համալիրը կազմավորվել է տարբեր ժամանակներում կառուցված շենքերից, նրա կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը ավերված է), սեղանատունը, մի քանի աղոթարաններ, խաչքարեր և այլն։ Ամենահինը` Ս. Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է, չորս անկյուններին ավանդատներով (արևելյան երկուսը առանձնացված չեն աղոթասրահից)։ Ս. Գրիգորին արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի սխեմատիզմը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանա-դամբանների մնացորդներ: Ս. Գրիգորին հյուսիսից կից է թաղակապ մատուռ, իսկ արևելյան մասում շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից 1244թ.-ին կառուցված Ս. Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին: