Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Օձունի վանք

Լոռու մարզի Օձուն գյուղում և շրջակայքում, Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, պահպանվել են տարբեր դարաշրջանների ճարտարապետական հուշարձաններ, մերձակա քարայրերից հայտնաբերվել են զգալի թվով ձեռագիր հիշատակարաններ։

Գյուղի կենտրոնական մասում գտնվում են Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կոթող-մահարձանը, միջնադարյան 2 գերեզմանոց (մեծաթիվ խաչքարերով և մահարձաններով), արևելյան եզրին՝ Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցին, 1,5կմ հարավ-արևելք Հոռոմայրի վանքը։

Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին ունի արևելքից-արևմուտք ձգված ուղղանկյուն հատակագիծ, որն աղոթասրահից բացի ընդգրկում է երեք կողմից եզերող արտաքին սրահը` երկայնական թևերի սենյակով և բաց խորանով։ Կառուցման ժամանակի վերաբերյալ հավաստի տեղեկություններ հայտնի չեն։ Ըստ ճարտարապետական հորինվածքի, դեկորատիվ հարդարանքի և ժամանակագրման հետ առնչվող այլ տվյալների եկեղեցին թվագրվում է VIդ. վերջ։

Օձունի կոթող-մահարձանը (V-VIդդ.) գտնվում է գմբեթավոր բազիլիկից մոտ 10մ հյուսիս-արևելք։ Աստիճանաձև պատվանդանի վրա բարձրացող քառակուսի կտրվածքով երեք մույթերի կամարակապի բացվածքներում մեկական քառակող օբելիսկներ են` քանդակազարդված բոլոր կողմերից։

Ծիրանավոր-Ծաղկավանք եկեղեցին (Vդ.) սրահավոր միանավ դահլիճ է։ Պահպանված են արևելյան և հյուսիսային պատերը, մասամբ նաև սյունասրահը։

Related Tours