Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը 1972թ. հիմնել է Հենրիկ Իգիթյանը` Երևանի քաղաքապետ Գ. Հասրաթյանի, ինչպես նաև` հայ լավագույն նկարիչների աջակցությամբ: Որպես ժամանակակից արվեստի մասնագիտացված թանգարան` այն առաջինն էր ոչ միայն նախկին Խորհրդային Միության, այլև ողջ սոցիալիստական ճամբարի տարածքում: Թանգարանի առաջին ցուցադրությունը լիովին կազմված էր 60-ական թվականների հայ նկարիչների գործերից` նրանց իսկ նվիրատվությամբ: Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Էլիբեկյան եղբայրների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Աշոտ Բայանդուրի և ուրիշ անվանի նկարիչների գործերը հանդիսանում են թանգարանի ցուցադրության հիմնական առանցքը:
2007թ. թանգարանին հատկացվել է նոր մասնաշենք, որտեղ ցուցադրվում են նաև միջին և երիտասարդ սերնդի աշխատանքները: 2004թ. բարերար Գրիգոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացել է ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Կազազի աշխատանքները:

