Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Թանգարանը հիմնադրվել է 1921 թվականին: 1967-ից կրում է Ե. Չարենցի անունը: Թանգարանում ի մի են բերված Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրականության նմուշներ և արվեստի երախտավորների ձեռագրեր, նամակներ, անձնական ու բեմական իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչական գործեր, անձնական գրադարաններ, երաժշտական գործիքներ:
Թանգարանում այժմ պահպանվում են հազարից ավելի անհատական ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են մոտ մեկ միլիոն թանգարանային առարկաներ: Թանգարանում գործում է «Սայաթ-Նովայից Չարենց» վերտառությամբ մշտական ցուցադրությունը: Մշտական ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվում են նաև տարբեր թեմաներով ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ:

