Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Հանգստյան գոտի

Ծաղկաձոր

      Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Կոտայքի մարզում: Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 50 կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը 1841 մ էՔաղաքը փռված է Թեղենիս լեռան արևելյան լանջին և համարվում է հանրապետության առաջատար զբոսաշրջային կենտրոններից մեկը: Բնակչությունը կազմում է մոտ 1300 մարդ: Նախքան խորհրդային կարգեր հաստատելը Ծաղկաձորը վեր էր ածվել Երևանի նահանգի առողջարանային կենտրոնի, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում բաձրաստիճան պաշտոնյաները: Խորհրդային տարիներին գործում էին շուրջ երեք տասնյակի հասնող պիոներական  ճամբարներ և հանգստյան տներ:

   Այսօր Ծաղկաձորը իրենից ներկայացնում է բարեկարգ հրապարակներով, փողոցներով, գիշերային շքեղ լուսավորությամբ, ժամանակակից հյուրանոցներով, հանգստյան տներով քաղաք և այն հրապուրիչ է ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը: Քաղաքի անբաժանելի մասն է կազմում ճոպանուղին, որի 5 կայանները կառուցվել են 2004-2007 թթ. ընթացքում` ավստրո-իտալական «Լայտներ» ընկերության կողմից: Այս 5 կայաններն էլ իրենց տեխնիկական հագեցվածությամբ և սպասարկման մակարդակով համապատասխանում են ներկայիս միջազգային չափանիշներին: Կառուցվել են նաև շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ: Այստեղ ձմռան ամիսներին իրենց հանգիստն են անցկացնում ինչպես հանրապետության բնակիչները, այնպես էլ արտերկրից ժամանած հազարավոր հյուրեր:  

     Քաղաքում գործում են բարձրորակ ծառայություն ապահովող ժամանակակից  հյուրանոցներ և հանգստյան տներ: Հյուրանոցներն այստեղ ցանկացած ճաշակի և կարգի են, ունեն միջազգային մակարդակի ընդունելություններ կազմակերպելու փորձ և տարվա բոլոր եղանակներին  պատրաստ են հյուրեր ընդունելուն:

      Ծաղկաձորի կրոնա-մշակութային օջախ է հանդիսանում Կեչառիսի վանական համալիրը, որը ամբողջությամբ վերանորոգվել է 2001 թ-ին:  Քաղաքում է գտնվում հայ ժողովրդի տաղանդավոր զավակներ` Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Նշանավոր այս գերդաստանի որդիները` Լևոնը, Ռուբենը և Հովսեփը մեծացել են Ծաղկաձորում գտնվող իրենց ամառանոցում, իսկ Լևոն Օրբելին ծնվել է հենց այստեղ: Այսօր այդ տունը վերածվել է տուն-թանգարանի, ուր փոխադրվել են նրանց գործունեության հետ կապված մեծ թվով ցուցանմուշներ Երևանից, Մոսկվայից և Սանկտ-Պետերբուրգից:

     Ծաղկաձորը եզակի է նրանով, որ  գրավում է զբոսաշրջիկներին ողջ տարին. ձմռանըիր լանջերի շլացուցիչ ճերմակությամբ, իսկ տարվա մնացած եղանակներին` գունագեղ և բուրումնավետ բնությամբ: Քաղաքի այս առանձնահատկությունը դարձնում է նրան գրավիչ, հրապուրիչ տեսարժան և հիշարժան: 

   2013 թ. Ծաղկաձորը արժանացել է «Տարվա բոլոր եղանակներին լավագույն պայմաններ ապահովելու, տուրիզմի զարգացումը խթանելու» հանրապետական մրցանակին:  Այս քաղաքում հոգնելու միակ պատճառը տպավորությունների առատությունն ու հետաքրքիր հանգիստն է: Ծաղկաձորում, դուք միշտ կարող եք ազատ հաղորդակցվել տեղի բնակիչների հետ և վայելել նրանց հյուրընկալությունը:

Կցված տուրեր