Ջերմուկ
Առողջարանային, զբոսաշրջային գոտիներով ու քաղաքներով հարուստ Հայաստանում իր ուրույն տեղն է գրավում Վայոց ձորի մարգարիտը` Ջերմուկ քաղաքը: Այն ծվարել է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Քաղաքը գտնվում է Վայոց ձորի մարզում:
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես ժողովրդի, այնպես էլ Սյունաց իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին: Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին` առաջին առողջարանի կառուցման ավարտով:
Ջերմուկն իր ակտիվ մասնակցությունն ունի շախմատային բազմաթիվ առաջնությունների ու հուշամրցաշարերի անցկացման գործում, որոնցից մի քանիսը դարձել են բարի ավանդույթ: 2006 թվականից սկսած Ջերմուկում են անցկացվում շախմատի միջազգային պատանեկան մրցաշարերը, իսկ սկսած 2007 թվականից Ջերմուկում անցկացվում են մի շարք միջազգային մրցաշարեր և առաջնություններ, որոնց թվում նաև` Կարեն Ասրյանի անվան միջազգային հուշամրցաշարը:
Ջերմուկում գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1973թ-ին: Ցուցադրվում են կերպարվեստի հայ վարպետների /Մարտիրոս Սարյան, Արա Սարգսյան, Սարգիս Մուրադյան, Արա Հարությունյան, Կալենց ամուսիններ, Հակոբ Հակոբյան, Ռուդոլֆ Խաչատրյան և այլոք/ գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքները: Պարբերաբար փոփոխվում են ցուցանմուշները և կազմակերպվում են անհատական ցուցահանդեսներ:
Ջերմուկի ճոպանուղին կառուցվել է 2007թ. աշնանը ավստրիական Leitner կազմակերպության կողմից: Ճոպանուղու երկարությունը 1000 մ է: Ամենաբարձր կետը գտնվում է 2480մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան: Ունի 2 սահուղի: Տեղերի թիվը 200 է: Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, նաև սրճարան և ավտոկայանատեղի:
Հատկապես գեղեցիկ է ջերմուկյան ձնառատ, փափուկ և արևոտ ձմեռը: Հարկ է նշել, որ արևոտ ու պայծառ օրերի քանակով քաղաքը նախկին միութենական առողջարանների մեջ զբաղեցնում էր առաջին տեղերից մեկը:
1997 թվականի սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրի համաձայն Ջերմուկը և ֆրանսիական Սան-Ռաֆաել քաղաքները քույր քաղաքներ են: