Ստեփանավան
Ստեփանավան քաղաքը գտնվում է ՀՀ Լոռու մարզում։ Հեռավորությունը Երևանից 135 կմ է, իսկ Վանաձորից՝ 30 կմ։
Ստեփանավանն ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Միջին ջերմաստիճանը հունվարին -4,2°C է, հունիսին՝ +16,7°C: Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։
Ստեփանավան քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևս մ.թ.ա. 2-1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ. 1-4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ Դավիթ Անհողինի օրոք Ստեփանավանի տարածքը «Լոռե» անվանումով կազմեց թագավորության կալվածքի մի մասը, իսկ 1185թ.-ից սկսած Ստեփանավանն իր շրջակա տարածքներով տրվեց Զաքարյաններին։
Ստեփանավան քաղաքը զգալի տուժել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից։ Հետագա տարիներին քաղաքը սկսեց վերակառուցվել, և տարածվել նաև Ձորագետի ձախ ափին։
2010թ. Ստեփանավան քաղաքը նշեց իր 200-ամյակը։ 2014թ.-ին Ստեփանավան քաղաքը ճանաչվել է ՀՀ լավագույն համայնք:
Ստեփանավան քաղաքն ունի բամաթիվ տեսարժան վայրեր, որոնցից կարելի է առանձնացնել.
«Լոռի» բերդ-ամրոց, գտնվում է քաղաքից 5կմ հեռավորության վրա, Լոռի բերդ գյուղի մոտակայքում, Միսխանա և Ձորագետ կիրճերի հատման մասում։
Ստեփան Շահումյանի տուն-թանգարան, գտնվում է կենտրոնական հրապարակում։
Դենդրոպարկ, հիմնադրել է Էդմոն Լեոնովիչը 1931թ.-ին։ Գտնվում է Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա։ Սա Հայաստանի բնության ամենաուշագրավ հատվածներից մեկն է։
Սբ. Գևորգ եկեղեցի, կառուցվել է 5-6-րդ դարերում, 19-րդ դարում վերանորոգվել է։ Գտնվում է Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա՝ Սվերդլով գյուղում։
Հնեվանք վանական համալիր (10-14-րդ դդ.), գտնվում է Ձորագետի աջ ափին, Կուրթան գյուղից արևելք։
Սբ. Նշան մատուռ, կառուցված 1871թ.-ին, գտնվում է քաղաքից 2 կմ հեռավորության վրա, Արմանիս տանող ճանապարհին։
Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, կառուցված 1910-1914 թթ, ռուսական եկեղեցի, գտնվում է Ամրակից գյուղում, Ստեփանավանից 3 կմ հեռավորության վրա։