Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Հանգստյան գոտի

Սևան

      Սևան քաղաքը նախկինում ունեցել է Ելենովկա, Սառցաշեն անվանումները: Սևան է վերանվանվել 1935 թ-ին: Սևանը հարմարավետ դիրք է զբաղեցնում Երևան - Դիլիջան ավտոմայրուղու վրա: Երևան քաղաքից գտնվում է 50 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ մարզկենտրոն Գավառից 32 կիլոմետր հեռավորության վրա: Համայնքի վարչական կազմի մեջ մտնող միակ գյուղը Գագարինն է, որը 1995 թ-ի վարչատարածքային բարեփոխումից հետո դասվել է Հայաստանի գյուղական բնակավայրերի շարքին: Գյուղը Սևան քաղաքից գտնվում է 9 կիլոմետր հեռավորության վրա: 

      Կլիման բարեխառն լեռնային է, ցուրտ, տևական ձմեռներով` հաստատուն ձնածածկույթով, զով ամառներով: Հաճախակի են ձնաբքերը և մառախուղները: Տարեկան միջին ջերմաստիճանը +4°C է: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 500-600 միլիմետր: 

      Ազգային կազմը համեմատաբար միատարր է, կան նաև ուկրաինացիներ և ռուսներ: Մինչև 19-րդ դարի 40-ական թթ-ին մեծ է եղել մոլոկանների թիվը: 1988-1989 թթ ընթացքում Բաքու և Սումգայիթ քաղաքներից այստեղ վերաբնակվել են 2876 հայ բնակիչներ:

   Քաղաքն ունի մոտ մեկ տասնյակ հանրակրթական դպրոցներ, երաժշտական, մարզական դպրոցներ, մշակույթի պալատ, գրադարաններ, մանկապարտեզներ, պոլիկլինիկա: Զարգացած է սպասարկման ոլորտը, որն ապահովված է առողջապահական, մանկական-առողջարանային հիմնարկներով: Այստեղ են գտնվում Գիտությունների Ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի և Առողջապահության Նախարարության, իսկ Սևանի թերակղզում` Գրողների Միության և Կառավարության հանգստյան տները:

      Քաղաքը տեղադրված է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, որը մեր հանրապետության ամենամեծ լիճն է: Լճի քաղցրահամ ջուրը հանդիսանում է մեր ջրային պաշարների առաջին և անգնահատելի աղբյուրը: Լիճը կազմված է Մեծ Սևանից` խորությունը մինչև  58.7 մետր, և Փոքր Սևանից` խորությունը մինչև 83 մետր: Սևանա լճի հայելու ընդհանուր մակերեսը մոտ 1260 քառակուսի կիլոմետր է: 

      Լիճը սնվում է 28 գետի և երկու խոշոր աղբյուրների հոսքերով, լճի հայելու վրա մթնոլորտային տեղումներով ու ստորերկրյա ջրերով: Սևանա լճից սկիզբ առնող միակ գետը Հրազդանն է:

Կցված տուրեր