Հաղպատի վանք
Հաղպատը Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր։ XIIդ. 2-րդ կեսից XIVդ. Հաղպատի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն, Սանահինից այստեղ է տեղափոխվում տեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ XIդ. վերջում Տաշիրը հաճախ ասպատակում են սելջուկները, 1105թ.-ին Հաղպատը և Սանահինը կողոպտում է Ղզիլ ամիրան, իսկ 1111-1113թթ.-ին անկում է ապրում տեղական թագավորությունը։ XIIդ. 2-րդ կեսից XIVդ. Հաղպատը պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա` Զաքարյաններին։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223թ.-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը։ XI-XIIIդդ. Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորության, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։
Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։
Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ.-ին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է XIIIդ. հատկապես այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր գործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211թ.-ի «Հաղպատի Ավետարանը»։