Ամբերդ
Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է Xդ. պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7կմ հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին: Այն գտնվում է Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2300մ բարձրության վրա։ Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VIIդ., Կամսարականների օրոք։
Xդ. պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ XIդ. 70-ական թթ. սելջուկները գրավեցին այն և դարձրին զորակայան։ 1196թ-ին Զաքարե ամիրսպասալարը Ամբերդը ազատագրեց սելջուկներից և ամրոցը, որպես սեփականություն, անցավ նրան։ XIIIդ. սկզբին Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236թ-ին մոնղոլները գրավեցին և գրեթե հիմնովին ավերեցին Ամբերդը։ XIIIդ. վերջին Վաչուտյանները վերակառուցեցին ամրոցը։