Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Նորավանք վանական համալիր

     Նորավանքը գտնվում է Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք, անդնդախոր կիրճի դժվարամատչելի դարավանդի վրա։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակշրջանից հայտնի է Ս. Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն:
     Նորավանքը XIIIդ. սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIIIդ. 2-րդ կեսին գործել է ճարտարապետ Սիրանեսը, XIVդ. 1-ին կեսին՝ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։
     Վանքի պարսպապատ տարածքում են Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ գավիթը, հյուսիսից՝ Սմբատ իշխանի դամբարանը։ Կառույցների գլխավոր խմբից հարավ-արևելք Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Արևմտյան կողմում պահպանվել են նաև առանձին շենքերի մնացորդներ, պարսպապատ տարածքից արևելք՝ կոպտատաշ քարից կառուցված երկու մատուռներ և այլ շենքերի հիմնապատեր։
     Համալիրի գլխավոր Ս. Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223թթ.-ին։ Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Միակ մուտքը արևմուքից է և բացվում է դեպի կից գավիթը, որը եղել է Օրբելյան տոհմի և վանքի առաջնորդների տապանատունը։ Գավիթը կառուցվել է թերևս եկեղեցու ավարտից անմիջապես հետո։ Գավիթը 1261թ.-ին, Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ, վերակառուցել է Սիրանես ճարտարապետը։ Հետագայում՝ 1321թ.-ի երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է։ Ամենայն հավանականությամբ վերակառուցումն իրականացրել է Մոմիկը, որը նոր էր ավարտել Արենիի եկեղեցին։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային պատի երկայնքով ձգվում է Սմբատ իշխանի թաղածածկ դամբարանը՝ Ս. Գրիգոր եկեղեցին (կառուցել է ճարտարապետ Սիրանեսը 1275թ.-ին)։

Կցված տուրեր