Ուշի գյուղի պատմական վայրեր
Ուշի գյուղը գտնվում է Արագած լեռան հարավ-արևելյան ստորոտին։ Ուշիից 1կմ արևմուտք, բարձունքի վրա գտնվում է Ս. Սարգիս վանքը։ Համալիրի կազմում են երկու եկեղեցի, գավիթը, շրջապատող պարսպապատերը և բնակելի տների փլատակներ` կառուցված ամրոցապատերի երկայնքով։
Պահպանված հնագույն կառույցը բարձունքի վերին մասում տեղադրված միանավ, թաղածածկ, կիսավեր եկեղեցին է, որն ըստ արձանագրության կառուցվել է 1203թ-ին։ Միակ մուտքը արևմուտքից է։ Պատերը շարված են սև, մաքուր տաշված տուֆաքարերից։ Հարավից կից է համալիրի երկրորդ եկեղեցին, որն ունի համեմատաբար ավելի մեծ չափեր։ Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը և առանձին մանրամասեր (թմբուկի զարդագոտու և զարդաքանդակներով մշակված քիվի մնացորդները)։ Երկրորդ եկեղեցուն հարավից կից է քառակուսի գավիթը: Ամբողջովին խաթարված է ծածկը, պահպանվել են արևելյան, արևմտյան և հարավային պատերի առանձին հատվածները։ Պահպանվել են արևմտյան մուտքը, արևելյան պատի կամարակապ բացվածքը և հարավային պատի լայն, զույգ լուսամատները։
Վանքը շրջափակող ուղղանկյուն եզրաձև ունեցող պարիսպները կառուցվել են 1654թ-ին, Ոսկան վարդապետի կողմից։ Պատերը բազալտից են՝ ուժեղացված կիսաշրջանաձև և ուղղանկյուն բուրգերով։ Գյուղի շրջակայքում կա պահպանված բերդ և գյուղատեղի (Հին Ուշի)։