Տաթևի վանք
Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 906 թ.:
Տաթևի վանքը (Ս. Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում):
Հիմնադրվել է IVդ., V-VIIIդդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IXդ. վերջին - Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։ Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։ Տնտեսապես հզորանալով, Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թթ. փորձել է անկախանալ։ Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների, Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան։ 958թ.-ին եպիսկոպոս ընտրված Վահանին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի եպիսկոպոսության իրավունքները և կալվածները։ XIդ. 1-ին կեսին Տաթևում եղել են մոտ 1000 միաբան, մեծ թվով արհեստավորներ (աշխատել են վանքի գործարանում)։ 1044թ.-ին հարևան ամիրայությունների զորքերն ավերել են Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, գործատներն ու կից կառույցները, որոնք, սակայն, շուտով վերականգնվել են։ 1087թ.-ին համալիրի հարավ-արևմտյան կողմում կառուցվել է Ս. Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին։ XIIդ. սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136թ.-ի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների։ 1170թ.-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել ձեռագրերը (մոտ 10 հազար)։ Ստեփանոս Եպիսկոպոսի ջանքերով XIIդ. վերջին վանքը նորոգվել է։ Մոնղոլական տիրապետության շրջանում Տաթևի վանքը ձեռք է բերել ապահարկության իրավունք, Օրբելյանների աջակցությամբ վերականգնել տնտեսական հզորությունը։ Տաթևի վանքն ավելի է հզորացել, երբ 1286թ.-ին Օրբելյանները եպիսկոպոսության ղեկավարությունը վերցրել են իրենց ձեռքը (Սյունյաց մետրոպոլիտ է օծվել Ստեփանոս Օրբելյանը)։ Նրա ջանքերով նահանգի տարանջատված թեմերը կրկին միավորվել են Տաթևի գերիշխանության ներքո։ XIIIդ. վերջին Տաթևի վանքը դարձել է ունիթոռության դեմ պայքարի կենտրոն։ 1295թ.-ին վերստին նորոգվել է Գրիգոր Լուսավորչի եկեղեցին։
XIVդ. Տաթևի վանքը հայկական մշակույթի կենտրոններից էր։ Գործել են Տաթևի մանրանկարչության դպրոցը, Տաթևի մատենադարանը, Տաթևի համալսարանը։ Լենկթեմուրի 1381-1387թթ.-ին Սյունիք կատարած արշավանքի ժամանակ Տաթևի վանքը կողոպտվել է և հրկիզվել, կորցրել կալվածների գգալի մասը։ Տաթևի վանքը նոր ծանր հարված է ստացել 1434թ.-ին՝ Թեմուրյան գահակալ Շահռուխի արշավանքի ժամանակ։ Տաթևի Շմավոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվել է Լոռի և հաստատվել Սանահինի վանքում։ Տաթևի վանքը կրկին բարգավաճել է XVIIդ. 2-րդ կեսին - XVIIIդ. սկզբին։ Վանքին հարկատու են դարձել 14 գավառի 264 գյուղ։ Վերանորոգվել են գրեթե բոլոր շինությունները, կառուցվել նորերը։ 1796թ.-ին վանքը ենթարկվել է Աղա Մահմեդ խանի պարսկական զորքերի ասպատակությանը և կողոպուտին։ 1837թ.-ին վերացվել է Տաթևի մետրոպոլիտությունը։