Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Ցաղաց Քար վանքային համալիր

     Ցաղաց Քար (Ցախացքարի վանք) միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից 6կմ հյուսիս, բարձրադիր սարավանդի վրա: Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը, որ պահպանվել են խիստ վնասված, կիսավեր վիճակում, կառուցված են կոպտատաշ բազալտից և դասավորված արևելքում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառաբսիդ, չորս անկյուններում ոչ մեծ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Հարավից նրան կից է սյունասրահը, արևմուտքից` երկարավուն գավիթը, որի երկայնական պատերի ուղղությամբ տեղավորված են թաղածածկ խորշ-դամբարանները։ Հարավային մասում կառուցվել է ոչ մեծ թաղածածկ եկեղեցի։ Բոլոր շենքերը պարփակված են եղել պարսպապատով։ Ըստ Ստեփանոս Տարոնեցու, կառուցվել է Xդ., Աբաս Բագրատունու ժամանակ։ Հնագույն արձանագրությունը թվագրվում է 989թ.։
    Այս կառույցներից արևելք համալիրի արևելյան խմբի շենքերն են, որոնք համեմատաբար լավ են պահպանվել։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, դրանք կառուցվել են 1041թ.-ին, Վարդիկ վանահոր կողմից։ Այդ են հաստատում նաև պահպանված արձանագրությունները։ Հյուսիսային կողմում սրբատաշ բազալտից կառուցված Ս. Կարապետ գմբեթավոր, չորս անկյուններում ավանդատներով եկեղեցին է։ Առանձնակի շեշտված է միակ` հարավային շքամուտքը, որի ձևերում ակնհայտ են Անիի հուշարձաններին բնորոշ շատ գծեր։ Շքամուտքի վերին ձախ անկյունում տեղավորված է եղել խոյը ճիրաններում թևատարած արծվի մի պատկերաքանդակ։ Հյուսիսային ճակատի վերին մասում, ճակտոնապատին տեղավորված է առյուծի և ցլի մենամարտ ներկայացնող պատկերաքանդակ՝ իր չափերով ամենամեծը հայտնի բոլոր պատկերաքանդակներից։ Այս խմբի երկրորդ կառույցը երկհարկ դամբարան-եկեղեցին է, որի առաջին հարկն են կազմում թաղածածկ ոչ մեծ եկեղեցին և նրա արևմտյան կողմում տեղավորված քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և նրա երկու կողմերում տեղավորված խաչքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը։ Ըստ ճարտարապետական հորինվածքի, հուշարձանը անդրադարձն է դեռևս վաղ միջնադարում մշակված երկհարկ դամբարան-եկեղեցիների ձևերի, որտեղ որպես կանոն առաջին հարկը կազմում են դամբարանները, իսկ երկրորդ հարկը՝ աղոթարանները։ Առավել տպավորիչ են երկու մեծ խաչքարերը, որոնց ձևերում հնավանդ սկզբունքներին զուգահեռ առկա են նաև հետագա դարերում լայն տարածում գտած շատ տարրեր։

Կցված տուրեր