Քոբայրի վանքային համալիր
Քոբայրի վանքային համալիրը (XII-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզում` Դեբետի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա։ Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIIIդ. 1-ին կեսին։ Այդ ժամանակ այն Կյուրիկյաններից արդեն անցել էր Ջաքարյաններին, ընդունել քաղկեդոնականություն։
Շինությունների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից։ Տարածքը եզերող ժայռերում կան դժվարամատչելի այրեր և պատսպարաններ։
Մեծ եկեղեցին, որը կիսավեր է (XIIդ. վերջ - XIIIդ. սկիզբ), երկայնական ձգված ուղղանկյուն միանավ դահլիճ է։ Հյուսիսից հետագայում կցվել են մատուռ-ավանդատուն և սյունասրահ։ Միանավ թաղածածկ Մարիամաշեն եկեղեցին գտնվում է մեծ եկեղեցու արևելյան կողմում` ժայռի եզրին։ Կառուցվել է 1171թ.-ին Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից (պահպանված կառույցներից ամենահինն է)։ Զանգակատուն-տապանատունը համալիրի տարածքի միջին մասում է։ Պսակված է եղել ութսյունանի զանգաշտարակով (պահպանվել են հիմքի ձևավոր քարերով շարքը և սյուների խարիսխների մի մասը) կառուցվել է 1279թ.-ին։ Վանքի սեղանատունը (XIIIդ.) տեղադրված է մեծ եկեղեցու հյուսիս-արևմտյան բարձրադիր մասում, ուղղանկյուն դահլիճ է։ Սրահավոր միանավ եկեղեցին (XIIIդ.) գտնվում է հիմնական խմբի հյուսիսային կողմում։
Պարսպի մնացորդները` 4-5մ բարձրությամբ, պահպանվել են տարածքի հյուսիսային և հյուսիս-արևելյան մասերում։ Գլխավոր մուտքը սրահավոր թաղակապ բացվածք է` կիսագլանաձև զույգ աշտարակներով։