Օշական գյուղի նշանավոր վայրեր
Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի` 1875-79թթ., կիկլոպյան ամրոց` մ.թ.ա. II հազ.
Օշականը (Արագածոտնի մարզ) որպես բերդ առաջին անգամ հիշատակում է պատմիչ Փավստոս Բուզանդը, IVդ. 1-ին կեսի անցքերի կապակցությամբ։ Գտնվելով Արշակունիների արքայական ոստանում, Օշականը եղել է նրանց սեփականաթյունը։ 336թ.-ին, Մազքթաց Մանեսան թագավորի դեմ կռիվներում ցուցաբերած սխրագործությունների համար, Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակն այն ընծայել է Վահան Ամատունուն։ Ամատունիների նախաձեռնությամբ Օշականում է թաղվել Մեսրոպ Մաշտոցը։ 442թ.-ին նրա գերեզմանի վրա կառուցվել է գմբեթավոր կլոր եկեղեցի։ Վկայություններ կան, որ Մեսրոպ Մաշտոցը Օշականում հիմնադրել է դպրոց։ Իր կառույցներով և բերքառատ այգիներով Օշականը հետագայում էլ եղել է Հայաստանի նշանավոր գյուղերից մեկը։ 1826-1828թթ.-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայ աշխարհազորայինները և ռուսական զորքերը գեներալ Ա. Ի. Կրասովսկու գլխավորությամբ Օշականի մոտ արյունահեղ մարտ են մղել Աբբաս-Միրզայի 30 հազ. բանակի դեմ:
Օշականի տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Քասաղ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարերով շարված մի քանի տասնյակ դամբարանախցեր։ Գյուղի կենտրոնում գտնվող «Դիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։ Բլրի գագաթին պեղվել է մ.թ.ա. VII-Vդդ., 0,25հա տարածքով քառանկյուն ամրոց։ 2,5-2,65մ հաստությամբ արտաքին պատերը շարված են տուֆե խոշոր քարերով, ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում (բաժանված է հյուսիսից-հարավ անցնող միջնապատով) կան նկուղային և բնակելի մի շարք շինություններ։ Բլրի հյուսիսային լանջին և ստորոտին մ.թ.ա. VIIդ. հիմնված պալատական 5 համալիրներից ներկայումս պեղված է առաջինը և երկրորդի մի մասը՝ բաղկացած 40 սենյակներից, սրահներից և տաճարներից։ Պեղումների ընթացքում գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և այլ 100-ից ավելի արձաններ։