Գեղարդի վանք
Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 1215 թ.:
Գեղարդի միջնադարյան վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Երևան - Գառնի - Գողթ ճանապարհի շարունակության վրա։
Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (IVդ. սկիզբ)։ Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր, ուր բացի պաշտամունքային կառույցներից գոյություն ունեին դպրանոց, գրադարան, գրչատուն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների բնակության համար։
Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս, արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռափոր մատուռն է, որի պատերի վրա փորագրված են XII-XIIIդդ. նվիրաբերական արձանագրություններ։ XIIIդ. ստեղծվել է վանքի հիմնական համալիրը, որի մեջ մտնում են՝ գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը և տարբեր չափերի խուցեր։ Այդ ամենը հյուսիսային կողմից երիզված է ուղղաձիգ բարձր ժայռերով, իսկ մնացած կողմերից պարուրված է քարակերտ պարսպապատերով։ Ավելի ուշ (XVIIդ.) պարսպին կից կառուցվել են բնակելի և տնտեսական տարբեր շենքեր։
Գլխավոր եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վերևի արձանագրության, կառուցվել է 1215թ.-ին, Զաքարյանների օրոք։ Ներսի հարդարանքը ունի XII-XIIIդդ. ճարտարապետական արվեստին բնորոշ մշակում, հարուստ հարդարանք ունեն հատկապես թմբուկն ու հարավային շքամուտքը։ Կաթողիկեի գավիթը կառուցվել է 1215-25թթ.-ին։